«Քառյակ մեդիա» ընկերությունը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ»-ը, «Արմնյուզ»-ը, «Ռադիո 107 ՖՄ»-ը
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: Այս մասին վերը նշված անձինք հաղորդագրություն են հրապարակել․
«Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմել այն պարզունակ շոուին, որը թաքնված էր «քաղաքական գործընթացներ» կոչվող քողի տակ:
Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալ ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անել` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու:
Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:
Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին:
Արման Սաղաթելյան, Կարեն Բեքարյան, Միհրան Հակոբյան. Սամվել Ֆարմանյան»: