ՀԱԿ ներկայացուցիչ․ Տրամաբանական չէր լինի, եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք չառաջադրվեր
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյքբուքյան էջում գրել է, որ անհեթեթ եւ հիմնազուրկ է համարում իրեն առաջադրված մեղադրանքը:
Օհանյանն իր գրառմանը կից հրապարակել է «Մարտի 1-ի» գործի քննության վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսումը, որտեղ նրանք քննարկում են Սեյրան Օհանյանին գործում ներգրավելու հարցը:
Օհանյանը հղում անելով նրանց զրույցին՝ գրել է․ – «Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ: Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացույցն են Մարտի 1-ի գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը, երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները,
2018 թ․ դեկտեմբերի 20-ին իմ՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը»:
Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը հիշեցնում է, որ 2008 թվականի մարտի 1-ին Օհանյանը զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը, եղել է գաղտնի 0038 հրամանը, որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում․ – «Սեյրան Օհանյանը ի պաշտոնե ղեկավարել է բանակը, և բանակի ցանկացած տեղաշարժ պետք է անպայման քննվեր «Մարտի 1-ի» քրեական գործով: Այս պահին մենք ունենք 0038 հրամանի հիմքով հարուցված քրեական գործ, և տրամաբանական չէր լինի, եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք չառաջադրվեր: Սեյրան Օհանյանը պիտի շատ լավ հասկանա, որ առանց իր իմացության չէր կարող բանակը տեղաշարժվել»:
Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին Հատուկ քննչական ծառայությունը լռում է՝ կալանավորելո՞ւ, թե՞ ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցն է ընտրվել:
Օհանյանն իր գրառման մեջ այս մասին չի հիշատակել: Նրանից ճշտել չհաջողվեց, նա չպատասխանեց մեր զանգերին:
«Անկեղծ ասած, կուզենայի հիշեցնել Սեյրան Օհանյանին, որ ավելի լավ տեսանյութ կար իր տրամադրության տակ․ դա 2008 թվականի մարտի 2-ին ի պաշտոնե հանդես եկած Սեյրան Օհանյանի ուղերձն էր հայ ժողովրդին, որում ուղղակիորեն սպառնում էր, որ ցանկացած երկու-երեք հոգու հավաքվելու դեպքում գործելու են շատ բիրտ», – նշեց Արմեն Խաչատրյանը:
Հատկանշական է, որ դեռևս սեպտեմբերին հանրությանը հայտնի դարձած այս ձայնագրությանը Սեյրան Օհանյանն անդրադառնում է առաջին անգամ:
Սասուն Խաչատրյանը, ձայնագրությունում հիշեցնելով 2008 թվականի մարտի 2-ին Օհանյանի ելույթը, ասում է, որ նրա մեղքը հիմնավոր է: Սեյրան Օհանյանը 2008 թվականին, որպես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, մարտի 2-ին Հայկական 2-րդ հեռուստաալիքի եթերով քաղաքացիներին նախազգուշացնում էր Երևանում թեկուզ փոքր խմբերով հավաքվելու փորձերից զերծ մնալ, հակառակ դեպքում ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու են խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: 2008 թվականի իր գործողություններին Օհանյանը չի անդրադարձել:
Արմեն Խաչատրյան․ – «Հիմա՝ իշխանափոխությունից հետո, նոր Հայաստանում այլևս արդարադատությունը իր բոլոր կանոններով պետք է այդ մարդկանց կանչի պատասխանատվության, ինչի գործընթացը այժմ արդեն սկսվել է: Եթե Սեյրան Օհանյանը խոսում է ընդհատակում գործող ինչ-որ ուժերի մասին, անունները թող հրապարակի էդ մարդկանց, ովքեր, իր կարծիքով, գործուն մասնակցություն կամ մեղավորություն են ունեցել Մարտի 1-ի գործում: Թող հայտնի այդ տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնին»:
Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՆԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Կալանավորված է միայն Ռոբերտ Քոչարյանը:
«Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ են նախկին փոխվարաչապետ Արմեն Գևորգյանը, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: