տուն Քաղաքականություն «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սեֆիլյանի պրոյեկտն է

«Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սեֆիլյանի պրոյեկտն է

2041
Սասնա ծռեր

«Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սեֆիլյանի պրոյեկտն է․ «Սասնա ծռերի» նախկին անդամի աղմկահարույց հայտարարությունը

2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի հետ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված, ներկայումս իրեն խմբի անդամ չհամարող Թաթուլ Թամրազյանը նշում է՝ այն ամենը, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, թատրոն է․ «Էս ամեն ինչը թատրոն ա, ով կարում ա էս ազգի վրեն կայֆ ա բռնում։ Խոսքը «Սասնա ծռեր» պրոյեկտի մասին ա։ Ուրեմն, էն ամեն ինչը, ինչը ես հիմա տեսնում եմ, որը կատարվում ա Հայաստանում, ով կարում ա խաբում ա էս ժողովրդին, բայց էս ժողովուրդը մեղք ա։ Ես ոչ թե իմ շահի կամ պաշտոնի համար եմ ասում, այլ էս ամեն ինչը տեսնելով։ Մեղք ա, որ ամեն անգամ իրան խաբեն, իր հավատքը օգտագործեն»։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նախկին անդամը նշեց՝ «Սասնա ծռերը» ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պրոյեկտն է․ «Էս ամեն ինչը սարքված ա, էս ազգը մեղք ա, հասկանո՞ւմ եք։ Ամեն մեկը գալիս ա, ստում ա։ Ես նաեւ մի քանի բառ եմ ուզում ասել Նիկոլ Փաշինյանի մասին․ Փաշինյանն արդեն 6 ամիս ա էս ազգին ձեռ ա առնում, էս ի՞նչ ա, էս վիճակը շատ լուրջ ա։ Ուզում եմ ասեմ, որ ինքն էլ ա նույնպես պրոյեկտ, ինքը Սերժ Սարգսյանին փրկել ա էլի։ Այսպես ասած՝ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի տոլի որդին ա, տոլի թոռն ա, ես չգիտեմ դա»։

Նրա խոսքով՝ ինքը 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցելու համար ՌԴ-ից եկել է Հայաստան, լսել է Ժիրայր Սեֆիլյանի մասին․ «Պահ է եղել, երկիրը վտանգի մեջ ա եղել, դրա համար եկել եմ։ Ես գտնվում էի ՌԴ-ում, յութուբով հետեւում էի ստեղի դրությանը՝ ով ով ա, ինչ ա անում։ Այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին էի ես նայում, ինքը ինձ հավատ ներշնչեց, որ իբր ինքն ա, բայց վերջում դուրս եկավ, որ որեւիցե մեկին ա ինքը ծառայում։ Ես ոչ թե «Սասնա ծռերից» հիասթափվել եմ, բայց էս մեր ժողովուրդը թող զարթնի, սթափվի։ Իմ մտքով անցնում ա, որ հողերը թաքուն ձեւով ուզում են հանձնեն»։

Անդրադառնալով Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությանը, թե ոստիկաններից մեկի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը, նա պատասխանեց․ «Ես այնտեղ գտնվել եմ 2 ժամ։ Մենք մոտավորապես 05։30 ենք գունդ մտել, ինձ խփել են մոտավորապես 07։30, ժամը արդեն 07։50 եղել եմ հիվանդանոցում, դրա համար ես շատ բան չեմ կարա ասեմ, չունեմ իրավունք ասելու։ Ես 2 ժամ եմ տեսել այն, ինչ եղել է»։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին՝ վաղ առավոտյան, «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։

Տեփանոսյանի եւ Վանոյանի սպանության մեջ մեղադրվում է խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ՝ խմբի մեկ այլ անդամ Արմեն Բիլյանը։ Բարսեղյանը եւ Բիլյանը կալանավորված են, մյուս ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո դատարանը փոխեց։