տուն Uncategorized Թրամփը և Էրդողանը քննարկել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման հեռանկարը

Թրամփը և Էրդողանը քննարկել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման հեռանկարը

1811
Թրամփը և Էրդողանը

Թրամփը և Էրդողանը քննարկել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման հեռանկարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ անցած գիշեր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ է ձեռք բերել: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարեց այսօր կեսօրին` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ:

«Նախագահ Թրամփի հետ մենք պատմական կարևորության փոխըմբռնման ենք հասել: Թրամփը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները դուրս են բերվելու: Այդ խոսակցության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի հետ պայմանավորվեցինք շարունակել Սիրիային վերաբերող շփումները` մասնավորաբար Թուրքիայի կողմից անվտանգության գոտու ստեղծման հեռանկարի շուրջ: 20-մղոնանոց այդ անվտանգության գոտու ստեղծման մասին ես խոսում եմ դեռ Օբամայի ժամանակաշրջանից», – նշում էր Էրդողանը:

Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը կայացավ ԱՄՆ նախագահի` Թուրքիան «քրդերի դեմ հարձակման դեպքում տնտեսապես կործանելու» մասին Twitter-ում արած սկանդալային գրառումից հաշվված ժամեր անց:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թրամփի ակտիվությունը Twitter-ում պաշտոնական Անկարային առանձնապես դուր չի գալիս: Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան ղեկավարին Թուրքիայում շարունակում են որպես թիվ մեկ բանակցային գործընկեր ընկալել:

«Ինձ և իմ շրջապատին տխրեցնում են ավելի վաղ սոցիալական ցանցերում Թրամփի կողմից արված պնդումները: Դրա հետ մեկտեղ, անցած գիշեր կայացած մեր հեռախոսազրույցը ես կարող եմ դրական որակել: Մենք պետք է ըմբռնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման դեմ Միացյալ Նահանգներում որոշակի խոսակցություններ են ծավալվել: Այդ որոշումը, սակայն, կայացրել է Դոնալդ Թրամփը, և այդ հարցում մեր գլխավոր գործընկերը հենց նա է», – հայտարարում էր Էրդողանը:

Թուրքական պետության ղեկավարի այս ելույթի ֆոնին զգալի է նաև Դոնալդ Թրամփի հայտարարությունների տոնայնության զգալի փոփոխությունը:

«Խոսեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` քննարկելով բոլոր խնդիրները, այդ թվում՝ վերջին երկու շաբաթներին «Իսլամական պետության» մնացուկների դեմ պայքարում արձանագրած մեր հաջողությունները, ինչպես նաև 20-մղոնանոց անվտանգության գոտու ստեղծման հարցը», – իր թուրք գործընկերոջ հետ զրույցը մեկնաբանելով՝ անցած գիշեր Twitter-ում գրում էր Սպիտակ տան ղեկավարը, հավելելով. – «Քննարկել ենք նաև Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև տնտեսական [կապերի] զարգացման խնդիրը` դրանց ընդլայնման զգալի ներուժ է առկա»:

Նշենք, սակայն, որ քանի դեռ Վաշինգտոնի և Անկարայի միջև հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, ԱՄՆ նախագահի հնչեցրած ցանկացած հայտարարություն զգալի ազդեցություն է թողնում թուրքական տնտեսության վրա:

«Թուրքիան տնտեսապես կործանելու» մասին Թրամփի հայտնի գրառումից հաշվված ժամեր անց, օրինակ, թուրքական լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ զգալիորեն նվազեց, իսկ Ստամբուլի ֆոնդային բորսայի ինդեքսը ավելի քան 1 տոկոսի անկում արձանագրեց: Շարքային թուրքերը, այդուհանդերձ, ամերիկացիների սպառնալիքներին կարծես փիլիսոփայորեն են մոտենում:

«Թուրքիան արդեն իսկ տնտեսապես շատ է տուժել, սրանից ավելի ծանր հարված կարծում եմ հնարավոր չէ պատկերացնել: Մենք արդեն իսկ սպառնալիքի տակ ենք ապրում: Նայեք թեկուզ թուրքական շուկայում առկա իրադրությանը», – Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Ստամբուլի բնակիչներից մեկը: