Տիկին Սիլվան խոստովանեց. Կաշառք է տվել Սերժին և Քոչարյանին
Սիլվա Համբարձումյանը պնդում է` հանքերի հետ կապված առուվաճառքի ոչ մի գործարք առանց իշխանությունների մասնակցության չի իրականացվել։
Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։
«Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, և որպեսզի ինձ չխանգարեն, ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին», – ասաց Համբարձումյանը։
Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։
Նշենք, որ Համբարձումյանի բողոքի հիման վրա նախաձեռնած հետաքննության արդյունքում 2 ամիս ժամկետով կալանավորվել է ՀՀ խոշոր գործարարներից մեկը` Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։
Հայաստանի ՀՔԾ–ն Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ հոդված 38-311)։
Սակայն Համբարձումյանը Մայրապետյանի հասցեին բողոքներ չունի։ Ասում է` նա պարզապես միջնորդ է եղել։
«Ցանկացած խոշոր գործարքի մասին տեղյակ էին և՛ նախագահը, և՛ վարչապետը», – ասաց Համբարձումյանը։
Նա նշեց, որ եթե Մայրապետյանը սկսի խոսել, ապա մեղադրյալից կարող է վկայի կարգավիճակի անցնել։ Սակայն նա նման բան չի անի, կարծում է Համբարձումյանը, քանի որ «պարզ է, թե ում հաշվին է նա հարստացել»։
Գործարարը նշեց, որ շուտով նոր գործեր կլինեն, որոնցում կհնչեն նաև նախկին վարչապետ և ԵՏՀ գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունները։
«Ոչ մի հանք առանց նրանց մասնակցության չի վաճառվել», – հայտարարեց Համբարձումյանը։
Նշենք` գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ թերթերից մեկին հայտնել էր, որ 2008 թվականին 14 մլն դոլար կաշառք է տվել այն ժամանակվա բնապահպանության նախարար, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին։