«Սիվիլնեթը» ապատեղեկատվություն է տարածել․Կաթողիկոսը չի մեկնել երկրից՝ արտակարգ դրությունից ելնելով
Երեկ՝ մարտի 16-ին, «Սիվիլնեթ» լրատվականը հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտակարգ դրության իրավիճակից ելնելով, լքել է երկիրը։
Այսօր Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է տարածել դրա հետ կապված։
Պարզաբանման մեջ նշված է, որ նույն օրը՝ մարտի 16-ի երեկոյան, լրատվամիջոցի տնօրինության հետ հեռախոսազրույցների ընթացքում տրված լուսաբանությունների արդյունքում կայքում զետեղված տվյալ նյութը հեռացվել է, սակայն, պահպանվել է յութուբյան տեսանյութը, որը ակտիվորեն տարածվել է հատկապես ռուսահայ մի կայքի կողմից, որն ակնհայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում եկեղեցականության և եկեղեցու հանդեպ:
Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ Հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին Սրբությունը ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ:
Ավելի ուշ Re:public of Artsakh և Баграмян 26 տելեգրամյան ալիքները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկ օրով մեկնել է Ռուսաստան և հետ վերադարձել։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով AntiFake.am-ը կապ է հաստատել Վահրամ քահանա Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է, որ Վեհափառը մարտի 14-ին մի քանի ժամով մեկնել է Մոսկվա և նույն օրը հետ վերադարձել։
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
https://antifake.am/ru/news/1365