տուն Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

1825
Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։

Միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ ըստ մեղադրող կողմի՝ կալանավորելու հիմքը Ծառուկյանի կողմից քրեական գործի ընթացքին խոչընդոտելոի ռիսկն է։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ Վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։ Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գործում հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չընդունեց կողմերի բողոքները։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

news.am