տուն Քաղաքականություն «Կձեռնարկենք բոլոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար». Ալիևը՝ Փաշինյանի հայտարարության...

«Կձեռնարկենք բոլոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար». Ալիևը՝ Փաշինյանի հայտարարության մասին

2005
Ալիև Փաշինյան

«Կձեռնարկենք բոլոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար». Ալիևը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ:

«Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում», – ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Ալիևն ասել է՝ հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ոչ Ադրբեջանի, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», – ասել է Իլհամ Ալիևը:

Պնդելով, թե Բաքուն առավելություն ունի և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում, Ադրբեջանի առաջնորդն ասել է․ – «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»: «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», – հավելել է Ալիևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում խոսեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»: