տուն Քաղաքականություն Սեյրան Օհանյանը չի ընդունում «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը

Սեյրան Օհանյանը չի ընդունում «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը

2058
Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը չի ընդունում «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը

Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, ով «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։

Օհանյանը նշել է, որ «Մարտի 1»-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ»։

«Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացույցն են՝ «Մարտի 1»-ի գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են՝ ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը, երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները, 2018-ի դեկտեմբերի 20-ին իմ՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը, դրանով իսկ նաև մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը, 2018-ի դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանքի առաջադրումը», – գրել է պաշտպանության նախկին նախարարը։

Օհանյանը շարունակել է. – «Ուստի իրավունք ունեմ հարցնելու՝ Սահմանադրությունը ոտնահարողները արդյո՞ք իրավունք ունեն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ»։

Պաշտպանության նախկին նախարարն այս ամենը որակել է «Մարտի 1»-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները»։

«Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, «Մարտի 1»-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար։ Ես՝ որպես մեր պետականության ստեղծման ակունքներում կանգնած, պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած մարտական գեներալ, որը տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և Արցախի զինված ուժերը, Արցախի և Հայաստանի երեք նախագահների, բանակի սպայի, զինվորի, ազատամարտիկի և ողջ ժողովրդի հետ անառիկ պահել մեր սահմանները, անհասկանալի ու տագնապալի եմ համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը և խիստ զգուշացնում եմ, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը», – գրել է Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը, անհիմն համարելով մեղադրանքը, հայտարարել է, որ այն չի ընդունում։

«Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի։ Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ», – գրել է Օհանյանը։

Հունվարի 14-ին Սեյրան Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: