Սերժ Սարգսյանի խնամին՝ Արա Մինասյանը, հետախուզման մեջ է
«Սբ․ Գրիգոր Լուսավորչի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ նա հետախուզվում է
Քննչական կոմիտեն փաստեր է ձեռք բերել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի չարաշահումների իրականացման վերաբերյալ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր որոշում է կայացվել Արա Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար:
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2016-2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ հափշտակել է առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության արդյունքում վնասի չափը կազմում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։
«Արա Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Արա Մինասյանը Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնից այսօր ետ կանչված Միքայել Մինասյանի հայրն է: