տուն Հասարակություն Մասնագիտությունս որն է, այսինքն՝ որտե՞ղ եմ ավարտել. Հայկ Սարգսյանի դատական գործով նիստից...

Մասնագիտությունս որն է, այսինքն՝ որտե՞ղ եմ ավարտել. Հայկ Սարգսյանի դատական գործով նիստից մանրամասներ

1738
Հայկ Սարգսյան

Մասնագիտությունս որն է, այսինքն՝ որտե՞ղ եմ ավարտել. Հայկ Սարգսյանի դատական գործով նիստից մանրամասներ

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հոկտեմբերի 23–ին, մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով (նախագահող դատավոր Աննա Դարբինյան) առաջին դատական նիստը։
Նշենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նա սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց:
Դատավոր Աննա Դարբինյանն այսօրվա դատական նիստին մի քանի հարց տվեց Հայկ Սարգսյանին:
Հայկ Սարգսյան
Հարցին՝ աշխատո՞ւմ է, թե ոչ՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ չի աշխատում: Նշեց, որ իր խնամքի ներքո գտնվում է երկու անչափահաս երեխա: Հարցին՝ իսկ որտե՞ղ է աշխատել նախկինում, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ: Դատավորի մյուս հարցին՝ ի՞նչ մասնագիտություն ունի, Հայկ Սարգսյանը միանգամից չպատասխանեց՝ ճշտելով՝ որտեղ եմ ավարտել: Դատավորը կրկնեց՝ ի՞նչ մասնագիտություն ունեք, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ իրավաբան:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ շարունակում է բացարկ հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, քանի որ նա չի կարող օբյեկտիվ լինել. այս գործով ունի կանխակալ վերաբերմունք:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Բացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «168 ժամի»