տուն Քաղաքականություն Ռուսաստանահայ օլիգարխները կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել դրամահավաքին. Զարեհ Սինանյան

Ռուսաստանահայ օլիգարխները կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել դրամահավաքին. Զարեհ Սինանյան

2242
Զարեհ Սինանյան

Ռուսաստանահայ օլիգարխները կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել դրամահավաքին. Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

Պարոն Սինանյան, ինչպե՞ս եք գնահատում դրամահավաքի արդյունքը։ Հավաքվել է 11 միլիոն 109 հազար ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ ավելի քիչ գումար հավաքվեց։

– Կարծում եմ՝ շատ լավ դրամահավաք էր։ Իսկ գումարը նախորդ տարվա համեմատ մի քիչ քիչ հավաքվեց այն պատճառով, որ ռուսական օլիգարխիան չի մասնակցել դրամահավաքին։ Բացի այդ, հաշվի առնելով, որ հեղափոխությունից հետո հիմնադրամը որոշակի ցնցումներ ապրեց, ապա այս բոլոր գործոնների ֆոնին, կարծում եմ, շատ լավ արդյունք  ունեցանք։ Այս գումարը շատ ավելի իրատեսորեն է ներկայացնում, արտացոլում ժողովրդի վստահությունը հիմնադրամի նկատմամբ։

Եվ ավելի նպատակային կարող է ծախսվել, քան նախկինում։ Նախկինում գումարների ծախսման վերաբերյալ բացահայտումների ականատես եղանք։

– Այո, կարծում եմ, որ այս գումարը շատ ավելի նպատակային կծախսվի, վստահությունը հիմնադրամի նկատմամբ կաճի։

Դուք ընդգծեցիք ռուսաստանյան օլիգարխիայի պասիվությունը այս դրամահավաքին։ Դա ինչո՞վ եք բացատրում, պայմանավորում։

– Որքանով որ ես գիտեմ, նրանք կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել Հայաստանին վերաբերող, նպաստող որևէ ակցիայի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դա վերևից եկած հրահանգ է եղել։

Հրահանգ Սերժ Սարգսյանի՞ կողմից։

– Ոչ, դրանք հրահանգներ են եղել շատ ավելի բարձր ատյանների կողմից։

Նկատի ունեք ռուսաստանյան շրջանակների՞ն, Ռուսաստանի իշխանությունների՞ն։

– Այո:

Իսկ Ձեր նշածը չե՞ք կարծում՝ ապացուցում է, որ նախկինում կատարված հանգանակությունները եղել են պարտադրաբար, կրել են ցուցադրական բնույթ։

– Այո, մենք գիտենք, որ դրամահավաքից առաջ մշտապես ֆորմալ հանդիպումներ էին լինում, բոլորին ասվում էր, թե ով որքան գումար պետք է  հանգանակի։ Չեմ կասկածում, որ նախկինում դրամահավաքին մասնակցած որոշ անձինք շատ-շատ կուզենային այս տարի էլ մասնակցել հանգանակությանը, շատ ավելի սիրալիր, ավելի սրտաբաց կերպով, բայց չեն կարողացել։ Բայց ես  սա էլ եմ համարում ժամանակավոր երևույթ և համոզված եմ, որ հաջորդ տարիներին այդ անձինք շատ ավելի մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ կմասնակցեն դրամահավաքին՝ հասկանալով, որ հիմնադրամը ստեղծվել է ու շարունակում է  գոյատևել հանուն Հայաստանի հզորացման։ Ռուսաստանյան օլիգարխների չմասնակցելը դրամահավաքին քաղաքական մանյովրներից, ճղճիմություններից շատ ավելի բարդ է։ Կրկնում եմ՝ իրենք պարզապես չեն կարողացել մասնակցել դրամահավաքին։ Մասնակցության պարագայում  իրենց շատ ավելի մեծ վտանգ է սպառնացել, քան իրենց քմահաճույքը։ Մասնակցությունը իրենց որոշելիքը չի եղել։ Դա էլ հավանաբար այն գինն է, որ պետք է վճարեն օտար պետությունում աշխատելու դիմաց։ Իրենք պետք է խաղան այդտեղի օրենքներով,  ու եթե ինչ-որ պահի հրահանգ է  իջնում այս կամ այն կերպ գործել, պետք է ենթարկվել դրան։

Պարոն Սինանյան, այս տարի կտրուկ աճել է շարքային նվիրատուների թիվը, մոտ 25 տոկոսով։ Սա ինչի՞ արդյունք եք համարում։

– Այո, իմ ասածը հենց սա է։ Սա յուրօրինակ ինդիկատոր է, թե ժողովուրդը որքանով է վստահում  հիմնադրամին։ Հիմնադրամ ասելով մենք հասկանում ենք հենց Հայաստանը։ Սա է ամենակարևոր նշաձողը, որով պետք է չափենք հիմնադրամի հաջողությունը։ Կարծում եմ, որ հավաքված գումարը շատ ավելի նպատակային կծախսվի, իսկ հիմնադրամը արտառոց թափանցիկ ձևով կաշխատի ու էլ ավելի կմեծացնի իր հանդեպ վստահությունը, որ հանկարծ չլինի վիճակ, որ հիասթափություն լինի։