տուն Հասարակություն Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական օդանավ է կործանվել, երկու օդաչուները զոհվել...

Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական օդանավ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են

1823
ռազմական օդանավ է կործանվել

Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական օդանավ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են

Այսօր Մարալիկի տարածաշրջանում` Մարալիկից դեպի Բարձրաշեն լեռնային հատվածում, Հայաստանի Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավ է կործանվել, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են:

Ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռը, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրիի օդանավակայանից, ժամը 10:20-ի սահմաններում կապը օդանավի հետ կորել է:

Մի քանի ժամ շարունակված որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ վթարի վայրը հայտնաբերվել է՝ այն Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում: Հայաստանի ռազմական գերատեսչության խոսակը նաև հրապարակեց մահացած օդաչուների անունները:

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված է․ – «Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և երրորդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը»: Նախարարությունը խորապես ցավակցում է զոհված փորձառու օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են․ – «Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր անհետաձգելի միջոցառումները վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «սև արկղը», և դրա զննության արդյունքների, ինչպես նաև պարզված այլ հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Այսօր քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհված օդաչուների հիշատակը:

«Հայաստանի Զինված ուժերի օդանավ է վթարի ենթարկվել. երկու փորձառու սպաներ, օդաչուներ զոհվել են։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը», – ասաց կառավարության ղեկավարը:

«Դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ծառայակիցներին, ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից: Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա Զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա: Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը և մաղթում եմ ոգու արիություն», – ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Բաբլոյանի ուղերձում: