Ջոն Բոլթոնն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին գնել ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկյան ռազմական տեխնիկա
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը առաջարկել է Հայաստանին գնել ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկյան ռազմական տեխնիկա:
«Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում զենքի վաճառքի բնագավառում։ Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ… (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության պատճառով։ Բայց կան բացառություններ», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ջ. Բոլթոնը:
«Եվ ինչպես ասացի վարչապետին, եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, ամեն դեպքում, ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից», — նշել է նա:
Ջ. Բոլթոնն ասել է, որ հասկանում է աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում է՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում:
«ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է (Թրամփի) վարչակազմի համար», — նշել է Ջ.Բոլթոնը։