տուն Հասարակություն ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

1798
ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

1993-ին ինչպես էին ապրում Հայաստանը եւ Արցախը, բոլորս գիտենք։ Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են:

Վազգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով նույն թվականին Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում:

Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները: Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից…

Խմբի առջեւից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով եւ զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:

Ինչի՞ համար էր այս զինվորական մասխարան. հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի՞ն էր այս մասխարան:

Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որեւէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ:
Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երեւելի պատառը Երեւանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից:

Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի միջեւ այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է եւ գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կա՛մ մահացել են, կա՛մ կորցրել են հիշողությունը:

Քոչարյանի առաջին հպատակներից մեկը Մարտին Զելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը։ «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Զելֆիմյանը եւս կորցրել է հիշողությունը։ Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի… Ավելի ճիշտ՝ չի համարձակվի չհիշել…

Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա. Քոչարյան քառյակի եւ աղետի գոտուց շինտեխնիկայի առեւանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում:

ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանն ընտրվեց  ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ենթադրենք, ԱԺ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում նրան․ պարոնայք ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյան եւ Վարդեւան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե՝ նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ… Ավելի անկեղծ՝ վատ է…
Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու…

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի