տուն Միջազգային Թրամփ. «Երբեք չեմ աշխատել Ռուսաստանի համար»

Թրամփ. «Երբեք չեմ աշխատել Ռուսաստանի համար»

1749
Դոնալդ Թրամփ

Թրամփ. «Երբեք չեմ աշխատել Ռուսաստանի համար»

«Ձեր այդ հարցն իսկ խայտառակություն է»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերստին դատապարտել է 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի միջամտության հարցով հետաքննությունը և պնդել, որ ռուների հետ շահերի բախում ոչ մի պարագայում չի եղել:

«Երբեք չեմ աշխատել ռուսների համար, և դուք այդ պատասխանը բոլորից լավ գիտեք: Ես երբեք չեմ աշխատել Ռւսաստանի համար: Ոչ միայն երբեք չեմ աշխատել, այլև, կարծում եմ, ձեր այդ հարցն իսկ խայտառակություն է, որովհետև այդ ամենը մի մեծ կեղծիք է», – ասել է Թրամփը նախագահական ուղղաթիռով Նյու Օրլեան մեկնելուց առաջ:

Անցած կիրակի օրը The Washington Post-ը գրել է, թե Սպիտակ տունը թաքցնում է 2017 թվականի հուլիսի 7-8-ին Համբուրգում գումարված «Մեծ քսանի» հավաքի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հանդիպման բուն օրակարգի մասին տեղեկությունները:

Այդ հանդիպմանը ներկա են եղել միայն երկու նախագահների թարգմանիչները: Զրույցից հետո Թրամփը վերցրել է իր թարգմանչի կատարած սղագրությունը և պահանջել է նրանից որևէ պարագայում ոչ մեկին տեղեկություններ չհայտնել հանդիպման մասին:

«Նա խախտել է բոլոր ընթացակարգերը»

Օրենսդիրներին վրդովել է այդ կարգադրությունը: Դեմոկրատական սենատորներ Ջիննի Շահինը, Մարք Ուորները և Բոբ Մենենդեսը պահանջել են օրենսդիրներին փոխանցել թարգմանչի գրառումները:

«Եթե Թրամփն իսկապես արգելանք է դրել գրառումների վրա, ապա նա խախտել է բոլոր ընթացակարգերը»,- հայտարարել է Ուորները:

Նա դժգոհություն է հայտնել նաև անցյալ տարվա ամռանը Հելսինկիում տեղի ունեցած Պուտին – Թրամփ հանդիպման վերաբերյալ:

«Ամերիկյան կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ են քննարկել Թրամփը և Պուտինը Հելսինկիում, որտեղ, անկեղծ ասենք, Թրամփն ի տես աշխարհի ստորաքարշություն էր անում Պուտինի առաջ»,- ասել է սենատքրը:

Ըստ ԱՄՆ օրենսդիրների, մինչև այդ պատմության ընթացքում Կոնգրեսից երբեք չեն թաքցրել տեղեկատվությունն օտար երկրի ղեկավարի հետ գործադիրի բանակցության մասին:

Ոչ միայն տարօրինակ, այլև վրդովեցուցիչ

«Պուտինի հետ Թրամփի հարաբերությունների գաղտնիությունը ոչ միայն տարօրինակ է պատմական չափանիշների առումով, այլև վդրովեցուցիչ է, քանի որ խոչընդոտում է կառավարությանը ծառայող փորձագետների և խորհրդականների աշխատանքը և, անկասկած, Պուտինին տալիս է Թրամփին հսկողության տակ պահելու ավելի մեծ հնարավորություն», – ասել է Սթրուբ Թելբոթն, ով Բիլ Քլինթոնի նախագահության օրոք զբաղեցրել է փոխպետքարտուղարի պաշտոնը և 1990-ականներին մասնակցել է ռուս-ամերիկյան տասնյակ գագաթնաժողովների:

«Պետք չէ դա մեծ խնդիր դարձնել»

Անդրադառնալով The Washington Post-ի հունվարի 13-ի հրապարակմանը՝ Թրամփն ասել է, որ Պուտինի հետ նշված հանդիպումը շատ հաջող է անցել:

«Մենք խոսել ենք Իսրայելի, ռուս-գերմանական գազատարի, ամենատարբեր բաների մասին: Ի դեպ, ես ունեցել եմ առանձնազրույցներ աշխարհի նաև մյուս լիդերների, օրինակ, Չինաստանի նախագահի, Ճապոնիայի վարչապետի հետ, պետք չէ դա մեծ հարց սարքել», – ասել է Թրամփը:

Մինչդեռ, մեկ այլ պարբերական՝ The New York Times-ը, պնդում է, որ դեռ 2017 թվականին հետաքննությունների դաշնային գործակալությունը նախաձեռնել է վարույթ, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք Թրամփը ռուսների շահերը չի՞ սպասարկել, երբ պաշտոնանկ է արել հետաքննությունների դաշնային ծառայության այն ժամանակվա տնօրեն Ջեյմս Քոմիին:

Այդ հետաքննությունն, ի վերջո, միացվել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ռուսների միջամտության հարցով հետաքննությանը, որը վարում է հատուկ դատախզ Ռոբերտ Մյոլերը:

«Դրանք սրիկաներ են և կեղտոտ մենթեր»

Երեկ Նյու Օրլեան մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփն ասել է, թե այդ գործն օրակարգ է բերվել այն բանից հետո, երբ ինքը պաշտոնանկ է արել Քոմիին:

Թրամփը ռուսական միջամտության մասին խոսող հետաքննությունների դաշնային գործակալության և արդարադատության նախարարույան նախկին աշխատակիներին անվանել է known scoundrels, dirty cops՝ «հայտնի սրիկաներ և կեղտոտ մենթեր»: