25 տարեկանից ի վեր մարդն էլ ոչինչ չի ընտրում: Իր կյանքում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները ածանցյալ են այն որոշումների, որ նա կատարել է պատանեկությունից մինչև 25-30 տարեկանը: 25-ից հետո սկսում է՝ այդ որոշումների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների հետ խաղաղ համակերպվելու գործընթացը: Ոմանց դա հաջողվում է, շատերին՝ ոչ: Հիշյալ խաղաղությունը գտնելու համար նախ և առաջ պետք է գիտակցել այն փաստը, որ քո՝ գրեթե բոլոր կարևոր որոշումները վաղուց կայացված են, և որ մնացած կյանքիդ ընթացքում դու դա պարզապես պետք է գիտակցես: Տրամաբանական է նաև, որ նրանց, ում հաջողվում է այս պարզունակ, բայց դժվար ընկալելի բանաձևը գիտակցել, ոչ միայն խաղաղվում են, այլ կարողանում են վայելել ներկան ու նույնիսկ կանխագուշակել ապագան:
Եթե 40 տարեկանում դու կարողանում ես հասկանալ, թե ինչպես քո պատանեկության և երիտասարդության տարիների որոշումներն ու ընտրությունները կերտեցին քո ներկայիս կենցաղը, ապա, զուտ փորձից ելնելով, կկարողանաս հասկանալ՝ ինչ է քեզ սպասում գալիք տասնամյակների ընթացքում: Առանձնահատուկ դեպքերում որոշ մարդիկ օժտված են լինում նաև այլոց ապագան կանխագուշակելու ունակությամբ: Խոհեմ պապերն իրենց թոռների ապագան կարող են կանխատեսել, խոհեմագույններն այլոց թոռների: Հայաստանում կային մարդիկ, որ 97, 98 ու 99 թվականների իրադարձությունների հիման վրա կանխագուշակել էին 2018, 19, ու 20 թվականների իրադարձությունները: Ընդ որում, դա միայն Տեր-Պետրոսյանը չէր, կա առնվազն մի 5-10 նմանօրինակ խոհեմություն ունեցող մարդ էս երկրում:
2040, 50 ու 60 թվականների իրադարձություններն էլ կերտվում են հենց հիմա ու հիմա նույնպես կան մարդիկ, որ գիտեն, թե ինչ է տեղի ունենալու մի քանի տասնամյակ անց և այդ իրադարձությունները անդառնալի են լինելու, քանի դեռ ստեղծված չի ժամանակի մեքենան: Ապագան տեսնելը մի աներևակայելի տաղանդ չէ, ընդամենը համբերություն է պետք: Համբերատարությամբ ուսումնասիրել է պետք ներկայումս առկա ինֆորմացիան:
Օրինակ՝ հայտնի է, որ մոլորակի բնակչությունը հասնելու է 11 միլիարդի և այլևս չի աճելու: 20 խոշորագույն բնակչություն ունեցող երկրներից կտրուկ նվազում է կանխատեսվում միայն Չինաստանում, Ճապոնիայում և Ռուսաստանում: Ընդ որում, եթե Չինաստանում ու Ճապոնիայում դա լուրջ ժողովրդագրական տրանսֆորմացիաների չի բերի, ապա Ռուսաստանն, եթե պահպանի ներկայիս տարածքը, ըստ այմենայնի, կդառնա երկրորդ Մեքսիկան՝ այն իմաստով, որ Մեքսիկայում բուն մեքսիկ էթնոս արդեն վաղուց չկա: Ռուսաստանը բնակեցված է լինելու հիմնականում էթնիկապես թուրքախոս ու մահմեդականություն դավանող ժողովրդով:
2100 թվին մարդկության 40%-ը լինելու է սևամորթ, 40%-ը ասիացի, մնացածն էլ լատինոս ու սպիտակ: Ընդ որում, եթե հիմա զարգացած երկրներում ապրում է մարդկության 17%-ը, ապա երեսուն տարուց այդ թիվն էլ ավելի է նվազելու՝ դառնալով 13%, իսկ ևս 50 տարուց այն կդառնա 10%, հետևաբար կտրուկ աճելու է աղքատների թիվն ու տոկոսը: Թեև ներկա պահին մարդկության 6.3%-ն է գործազուրկ, որոշ կանխատեսումներով այդ թիվը տասնապատկվելու է: Ամենամեծ գործազրկությունը լինելու է ԱՄՆ-ում ու ԵՄ-ում, որտեղ ապրելու է մարդկանց ամենաբարեկեցիկ 10%-ը, որոնց մեծ մասն ունենալու է բազային երաշխավորված եկամուտ՝ անկախ նրանից, թե ինչով են զբաղված ու զբաղված են արդյոք, թե՝ ոչ: Մնացած 90%-ը ձգտելու է ամեն գնով հայտվել բախտավոր 10%-ի շարքերում, ու նրանք, ովքեր կտիրապետեն որևիցե օգտակար շնորհի, ըստ ամենայնի կստանան մուտքի արտոնագիր, իսկ մնացածը՝ ոչ: Հետևաբար արևմուտքը սեփական ապրելակերպն ու սահմանները պահելու համար ողջ աշխարհում պետք է ստեղծի շահերի բախումներ (օրինակ Թուրքիայի ու Ռուսաստանի, կամ Հնդկաստանի ու Չինաստանի միջև) և փոքր ֆորպոստեր, ինչպիսիք են Իսրայելը, Մալազիան, Կոսովոն, կամ, ասենք, Հարավային Սուդանը:
Արևմուտքը պարտադիր պետք է պահպանի տեխնոլոգիական գերակայությունը բոլորի, ու մասնավորապես Չինաստանի նկատմամբ: Հետևաբար Tesla-ն ու նմանատիպ պրոյեկտները աճելու են «դոպինգի» տակ: Արևմուտքը նոր տեխնոլոգիաներ է մտցնելու շուկա ավելի արագ, քան Չինաստանը կկարողանա դրանք կրկնօրինակել ու գերազանցել: Չինական Huawei-ը արդեն գերազանցում է Apple-ին, բայց երկուսն էլ արդիականությունը կկորցնեն Tesla-ի նոր արբանյակային հեռախոսի վաճառքների սկսվելուն պես: Նույն Tesla-ն պիտի անմրցունակ դարձնի ցանկացած այլընտրանքային տիեզերագնացության նախագիծ: Ռուսաստանն արդեն դուրս է մղվել այդ դաշտից, նույն ճակատագիրն է սպասվում Իրանին ու Չինաստանին, որոնց հրթիռներն այնքան թանկ են նստելու, որ կոմերցիոն նպատակներով դրանցից օգտվելն անիմաստ է լինելու:
Սրանք հիփոթեզներ չեն, օրինակ՝ այն ենթադրությունը, որ Ուկրաինան միջին եկամուտով 5 տարուց կգերազանցի Ռուսաստանին, հիփոթեզ է, որը ունի որոշակի հավանականություն, իսկ վերոհիշյալ կանխատեսումներն արդեն գրեթե փաստեր են: Եթե ուզում եք ավելի գլոբալ ենթատեքստն ու իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հասկանաք, Ֆրիդրիխ Էնգելսի 1884 թվին գրված «Մասնավոր սեփականության, ընտանիքի և պետության ծագումը» կարդացեք: Ամեն ինչ կետ առ կետ գրված, հրահանգված է:
Այս ամենն ընդամենը շատ փոքր մասնիկ է այն իրադարձությունների, որոնք տեղի են ունենալու աշխարհում ու բոլոր էս պրոցեսներն ուղղակիորեն առընչվում են մեզ: Մեր այս նորածին պետությանը, որը բեղմնավորվեց 2020-ի նոյեմբերի 10-ին ու ծնվեց 7 ամիս անց, հունիսի 21-ին՝ ռախիդին բոլոր բնորոշ հատկանիշներով: Մեր նախորդ կյանքն ավարտվեց օրինաչափորեն վաղաժամ, ընդամենը 29 տարեկան հասակում և այդ վախճանը տրամաբանական հետևանք էր մեր կոլեկտիվ որոշումների, որոնք կայացվել էին 30 տարի շարունակ: Ու ստեղ հարցը բուն Հոկտեմբերի 27-ը չէ, չլիներ 27-ը, կլիներ 28-ը, 29-ը… Սենց, թե նենց հարցը պիտի լուծված լիներ նոյեմբերի 17-ի դրությամբ, քանի որ դրա հաջորդ օրը Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ պիտի Բաքու-Թբիլիս-Ջեյհանի համաձայնագիրը ստորագրվեր: Խնդիրն այն կոլեկտիվ որոշումներն ու քայլերն էին, որ բերեցին հասցրին մեզ այդ անդառնալի կետին: Լենինականի շենքերի ցեմենտը հո ռեպտիլոյիդները չէին գողանում… մենք էինք գողանում: Մենք էինք ատոմակայանի դեմ պայքարում, Եղվարդի ջրամբարի, Նաիրիտի, քիմպրոմի…
Տո հենց անձամբ ես, 4 տարեկան հասակում հորս ուսերին նստած՝ բղավելով «գործադուլ» ու 30 տարի անց նույն խելքով մտածում, որ գեներալները… կռված տղերքը… հզոր բռունցք կկազմեն, բան: Ինչպես 4 տարեկանում չգիտեի՝ ինչ ա նշանակում «գործադուլ» բառը, այդպես էլ 35 տարեկանում գաղափար չունեի՝ ինչ ա իրենից ներկայացնում հայկական բանակի փառապանծ գեներալը: Ու տենց… մեր պետության ցեմենտը էշ-էշ «կերանք» ու առաջին իսկ ցնցման ժամանակ մնացինք փլատակների տակ: Մենք մնացինք, իսկ կյանքը, երևի բարեբախտաբար, շարունակվեց:
Իմիջիայլոց մեր մոտ ցեղական ա: Հերս էլ 30 տարեկան ու ներքին օրգանների աշխատող էր, երբ ինձ իր ուսերին էր նստացրել «գործադուլ» բղավելու համար: Բնական է միանգամից գործից հանեցին՝ համ Արցախցի էր, համ էլ «խնդրահարույց»… Պապս նույն տրյուկները հորս հետ էր անում: 60-ականներին հորս վերցնում ու մասնակցում էր Նեֆչի-Արարատ խաղից հետո մերոնց հաղթանակը տոնող հայ ազգայնականների երթին Բաքվի կենտրոնական փողոցներով: Պապուս Միշա էին ասում, թեպետ իր իսկական ու արտասանելու համար արգելված անունը Միրզա էր: Պապուս հերը իր որդու անունը Միրզա էր դրել, որ «թուրքի աստվածը չանիծի երեխային», սա ազգամիջյան ատելության լրիվ նոր, ինչոր պրագմատիկ սնահավատության մակարդակ էր: Պապուս հոր անունը նույն տրամաբանությամբ Շամիր էին դրել, իսկ Շամիրի հոր անունը Աղաջան: Ընդ որում, սրանք թուրքական անուններ չեն, այլ՝ պարսկական: Այս երեք սերունդներից յուրաքանչյուրում մոտ 4-6 արու զավակ կար, որոնցից մեկի անունը ոչ հայկական էին դնում, որ օրինաչափ դարձած ջարդերի ժամանակ գոնե այդ մեկը փրկվելու շանս ունենա: Դավիթբեկյան ապստամբությունների հետցնցումների արդյունքում մանուկ հասակում որբացած իմ նախահայր Դանիելն այդ դասը շատ լավ էր յուրացրել և իր որդի Վանեսին համապատասխան պատգամն էր տվել:
Մեր ընտանիքում այս ավանդույթը պահպանվեց մոտ 200 տարի, 18րդ դարի վերջից մինչև 20րդ դարի կեսերը, երբ օտար անվանումներով քողարկվելուց անցանք քաղաքացիական ակտիվիզմի: Երթերին ու գործադուլներին հետևեցին պատերազմները, որտեղ մեր ընտանիքը բնական է նույնպես անմասն չմնաց: 200 տարի հոսող արյան գետին ևս մի քանի առվակ միացավ, իսկ տատուս Հին Թաղեր գյուղը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց ու պատերազմի ավարտից հետո հանձնվեց Ադրբեջանին շատ անհասկանալի պայմաններում:
Հին Թաղերի հաձնման պատճառները հասկանալու ու ապագայում նման ստորություններ կանխելու համար պարզվում է՝ ոչ երեխաների անուններն էին կարևոր, ոչ էլ նույնիսկ գործադուլները: Պետք էր նստել թուղթ ու գրիչով հաշվել: Հաշվել ու հասկանալ, թե մենք էս աշխարհում ի՞նչ տեղ կարող ենք զբաղեցնել: Ընդ որում, քանի որ իմ 25 տարեկանն արդեն վաղուց անցել է, ես պետք է այդ հաշվարկն անեմ ոչ թե իմ, այլ իմ թոռան համար, այնպես, ինչպես իմ նախահայր Դանիելը 200 տարի առաջ դա արեց Վանեսի տղա Աղաջանի համար: Դանիելը պատգամել էր իր թոռներից մեկին տալ օտար անուն, որպեսզի փրկի ռուսական կայսրության «Դավիթ Բեկ» օպերացիայի հետևանքներից, իսկ ես պիտի հասկանամ՝ ինչ պատգամ պիտի թողնեմ «Նիկոլ Փաշինյան» օպերացիայի արդյունքներից թոռներիս փրկելու համար:
Հայերս 2100 թվին վերոնշյալ 11 միլիարդի մեջ կազմելու ենք ընդամենը 1.9 միլիոն: Նույն հարաբերակցությամբ կկրճատվի նաև Վրաստանի բնակչությունը: Թուրքիան ու Ադրբեջանը կմնան գրեթե անփոփոխ, իսկ Իրանը կտրուկ կաճի՝ հասնելով մոտ 100 միլիոնի: Տվյալ դասավորվածության մեջ Հայաստանը կամ կարա դե ֆակտո դադարի գոյություն ունենալ, անցնելով թուրք-ադրբեջանական ազդեցության տակ, կամ դառնալ Իրանի սատելիտ՝ Սիրիայի, Իրաքի կամ Աֆղանստանի պես, կամ պետք է արևմուտքի ֆորպոստը լինի, ամենահարուստ 10%-ի հավատարիմ սահմանապահը Իսրայելի կամ Հարավային Սուդանիպես (էդ արդեն ինչքան բաշարենք): Մոտավորապես այնպես, ինչպես եղել է 1700 տարի առաջ, երբ մեզ զոռով կպցրին նոր, լիբերալ պրոյեկտին, էն ժամանակվա «ինտերնետին»:
Էդ «առաջին քրիստոնյա ազգի» հեքիաթը սաղս էլ սիրում ենք, բայց դե դրա իրական պատմությունն ու ենթատեքստը շատ ավելի կարևոր էին ու ուսուցողական, առավել ևս հիմա: Հիսուսն ու յուր առաքյալներն էլ պատմության գլխավոր հեղափոխականներն էին: Ոչ Լենինի ու ոչ էլ, ասենք, Վիկտոր Ցոյի «առաքյալները» չկարողացան ապացուցել, որ իրենց առաջնորդները հարություն են առել, ինչքան էլ գոչում էին՝ «Ленин/Цой жив», իսկ Քրիստոսը մինչ օրս կա: Շատ կարևոր աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի նաև այն փաստը, որ հռոմեացիք չէին ցանկանում խաչել Հիսուսին ու «լվացին իրենց ձեռքերը»: Հիսուսին խաչեց տեղի օլիգարխատը՝ Կայիափայի գլխավորությամբ ու դե բնական է ժողովրդի ձեռքերով: Խաչեցին, որպեսզի սեփական աթոռը չզիջեն, բայց խաչելուց 30 տարի անց միևնույն է ամենինչ կորցրեցին: Հռոմեացիք միևնույն է Սողոմոնի տաճարն էլ քանդեցին, հրեաներին էլ աքսորեցին ու փաստացի ոչնչացրին այդ ցեղը: Ներկայիս Իսրայելի բնակչությունը գենետիկորեն գրեթե կապ չունի սեմի ցեղի հետ:
Լավ ա, վատ ա… էս ա: Սա աստղագուշակություն չի, կոֆեի բաժակ նայել չի: Սա մաթեմատիկա է: Չոր հաշվարկ: Սենց ա եղել ու հետևաբար լինելու է:
Մենք հիմա կարանք (ու պիտի) կոտորվենք, պահանջելով հրապարակել, թե ո՞վ ա զորքի լրահամալրման դադարեցումը հրամայել, կամ ու՞մ պատճառով զորքը բացազատված չէր, կամ ինչու՞ է «ընդդիմություն» կոչեցյալը լեգտիմիացրել Փաշինյանին ու հետո յուր ԱԺ-ն ու ԱԺ նախագահին… կարանք… Ու գուցե հաջողվի էլ ստանալ, բոլորիս համար արդեն վաղուց ակնհայտ դարձած, պատասխանները, բայց իրականությունը դա չի փոխի: 2022 թվականը դա չի փոխի: Էսօր, էս տարի ու գալիք տարիներին մենք կարող ենք փոխել միայն 2050 թվականը, այն էլ, եթե ճիշտ հաշվենք: Մոլորակի համար էական չէ հայերը կլինեն 1.9 միլիոն, թե, ասենք՝ 2,2: Պատմության էջերում դա ընդամենը վիճակագրական ճշգրտում կլինի, մինչդեռ մեր համար դա հավելյալ 300 հազար թոռան ժպիտ է, գոյության գրավական ու կյանքի իմաստ: Եթե իհարկե ճիշտ պատվիրաններ իջեցնենք ու ստիպենք, որ պահպանեն:
Պահպանելու ձևն էլ ամենապարզն է՝ անկախ ամեն ինչից ներկայիս վիճակի մեղավորներին պետք է ֆիքսել, դատել, գամել, քամել ու այդ ամենը արձանագրել պատմության գրքերում, որ ապագայում չկրկնվի: Հուդան պետք է ստանա իրեն հասանելիքը, Կայիափան՝ իրենը, հռոմեացիք՝ իրենցը… ապագա փոքրիկ Արթուրներն էլ պիտի իմանան, որ պապու ասածը պիտի անեն, այլապես պատիժը անխուսափելի է լինելու: Այդպես էր պատվիրել պապուս պապու պապը՝ Դանիելը: Իր խաղաղվելու գրավականը դա էր:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս…
Հ.Գ. Դանիելը քրիստոնեական անուն է: Հին կտակարանից է, եբրայերեն նշանակում է «նա, ում միայն աստված կարող է դատել»: Բաբելոնում Դանիելին գցել էին առյուծների վանդակ, որից նա փրկվեց իր հավատքի շնորհիվ: Նա գիտեր, որ Աստված կա ու, որ այն ամպերի վրա բազմած մեծ սպիտակ մորուքով բարի պապիկ չի: Դանիելը նաև հայտնի է ապագայի մասին իր ստույգ ու ցավոք ապոկալիպտիկ մարգարեություններով: