Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։
«Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվելու է, իսկ գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:
Հայաստանի երկրորդ նախագահը կալանավորված է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նրա պաշտպանական կողմը պաշտոնաթող նախագահի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դեռ դեկտեմբերի 26-ին։
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: