Լուսաբան

«Ադրբեջանը պատրաստվում է Արցախի դեմ երրորդ ագրեսիային». Դավիթ Ջամալյան

Դավիթ Ջամալյան

«Ադրբեջանը պատրաստվում է Արցախի դեմ երրորդ ագրեսիային». Դավիթ Ջամալյան

Դեկտեմբերի 14-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից Ղազախի և Աստաֆայի հատվածի պահպանությունն այսուհետև իրականացնի պետական սահմանապահ ծառայությունը. այս մասին հայտնել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը:

Թեև այս լուրը տարածվել է ադրբեջանական կայքերի կողմից և  դեռ ճշտման կարիք ունի, արդյուհանդերձ այս, ինչպես նաև Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ 168.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

– Պարոն Ջամալյան,  Տավուշի մարզի սահմանակից Ղազախի և Աստաֆայի հատվածի պահպանությունը Ադրբեջանի նախագահը հանձնել է սահմանապահ զորքերի պահպանությանը, սա ի՞նչ է ենթադրում, Հայաստանին ի՞նչ վտանգ է կարող սպառնալ:

– Ադրբեջանը պատրաստվում է Արցախի դեմ երրորդ ագրեսիային, և սկզբունքորեն չի կարելի բացառել, որ ձևավորվող հարձակողական խմբավորման մեջ կարող են ներգրավվել նաև իրենց երրորդ բանակային կորպուսի ստորաբաժանումները։ Տվյալ դեպքում սկզբունքորեն կարևոր է նշել հետևյալը՝ Ադրբեջանում թե՛ ներքին զորքերը, թե՛ սահմանապահ զորքերը կազմակերպված են Արցախի դեմ ագրեսիայի դեպքում մարտական գործողություններում լիարժեքորեն ներգրավվելու հաշվարկով։

Այսինքն՝ ի դեմս Ադրբեջանի սահմանապահ զորքերի, պետք է տեսնել ոչ թե լոկ սահմանի պահպանության գործառույթ իրականացնող կառույց, այլ լիարժեք մարտական միավոր, որը խնդիր ունի անհրաժեշտության դեպքում ներգրավվել մարտական խնդիրների լուծմանը։ Ի դեպ, միշտ պետք է հաշվի առնել, որ հակամարտության այս՝ հարաբերականորեն պասիվ փուլում հակառակորդը, ինչպես նախկինում, փորձելու է մեր զգոնությունը թուլացնելու, մոլորեցնելու տարբեր հնարքներ բանեցնել։ Ըստ այդմ, եթե այդ տեղեկությունն իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա չպետք է տրվենք պատրանքների առ այն, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի հյուսիս-արևելյան տեղամասում խաղաղ է լինելու։

Մենք շատ լավ գիտենք, որ հակառակորդն Արցախի դեմ ագրեսիայի դեպքում ՀՀ սահմաններին լարվածություն ստեղծելու խնդիր ունի՝ մեր ուժերը «փոշիացնելու» մտադրությամբ։ Հետևաբար՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ հյուսիս-արևելյան սահմանին մեր դիրքապահների դեմ-հանդիման Ադրբեջանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի ստորաբաժանումնե՞րն են, թե՞ սահմանապահ զորքերը, հարկավոր է պատրաստ լինել հակառակորդի հարվածին նաև այդ ուղղությամբ։

– Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս խոսելով Արցախի հարցից՝ նշել էր, որ նախկինում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքները և լուծել Արցախի հարցը, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է: Ինչո՞ւ Լուկաշենկոն հենց այս պահին սկսեց խոսել այդ ամենի մասին:

– Բելառուսի նախագահի հայտարարություններն իսկապես ուշագրավ են։ Այսինքն՝ ենթադրելի է, որ Արցախի հարավը հանձնելու վերաբերյալ սցենարը ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում այժմ էլ կարող է քննարկվել։ Ի դեպ, ես միտումնավոր չեմ օգտագործում «5 շրջաններ» արտահայտությունը։ «5 շրջանները» մնացել են հեռու-հեռավոր խորհրդային անցյալում։ Կա ազատագրված Արցախ՝ իր 12030 կմ քառակուսի սահմանադրորեն ամրագրված տարածքով, և տվյալ դեպքում մեզ առաջարկում են հանձնել Արցախի Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավը։ Բնականաբար, հայկական կողմերի համար այստեղ անգամ քննարկելու հարց չկա, և պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին, ով, ըստ Բելառուսի նախագահի՝ կտրուկ մերժել է այդ սցենարը։

Ավելին՝ եթե այժմ էլ այդ սցենարն օրակարգում է, ապա վարչապետ Փաշինյանին այլ ելք չի մնում, քան վարվել նույն կերպ՝ կտրուկ մերժել։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է ընտրություններում 70 տոկոս ձայներ ստացած քաղաքական ուժի առաջնորդը գնա քաղաքական ինքնասպանության ու իրականություն դարձնի հայոց մղձավանջը՝ տարածք հանձնելը։ Եվ եթե մեր բելառուս գործընկերոջ այս հայտարարությունը կոչված է ստուգելու հայաստանյան հանրության վերաբերմունքն այդ սցենարի հանդեպ, ապա ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում պետք է հստակ իմանան, որ նախ՝ այդ սցենարն օրակարգում պահելը Հայաստանում հակառուսական տրամադրությունների տեղիք կտա, և երկրորդ՝ Հայաստանում երբևէ չի լինի այնպիսի իշխանություն, որ ստորագրի իր մահախոսականն ու տարածք զիջի։

Եվ ընդհակառակը՝ Հայաստանի ցանկացած ղեկավար անմիջապես կվայելի զանգվածային ժողովրդականություն, եթե մերժի տարածք հանձնելու սցենարը։ Ես գործող իշխանության համակիրը չեմ, երբեք խանդավառված չեմ եղել ապրիլ- մայիսյան իրադարձություններով, բայց փաստ է, որ Փաշինյանի լեգիտիմությունը թույլ է տալիս նրան կտրուկ մերժել մեզ համար, բառի բուն իմաստով, կործանարար՝ այս և նման սցենարները։ Ավելին, այս հարցում պետք է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և միահամուռ ու վճռական աջակցություն հայտնել Փաշինյանին՝ տարածք հանձնել ենթադրող ցանկացած սցենար մերժելու հարցում։ Արցախի սահմանները հաստատվել են ադրբեջանական երկու ագրեսիա ետ մղելու արդյունքում։

Այս իրողությունն այլևս անշրջելի է։ Արցախի ներկա՝ սահմանադրորեն ամրագրված տարածքը սակարկելի լինել չի կարող։ Սերունդներին քիչ թե շատ ապահով Հայաստան-հայրենիք թողնելու համար՝ Արցախի ներկա սահմանները պետք է անառիկ պահենք։ Այստեղ մի նկատառում․ մեր այս դիրքորոշումը բնավ չի մեծացնում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Անգամ, եթե երրորդ ագրեսիան սանձազերծելու համար դիվանագիտական իրողություններն Ադրբեջանի համար նպաստավոր լինեն, Արցախի տարածքը զավթելն այնքան բարդ է, որ Բաքվում երկար պիտի ծանր ու թեթև անեն՝ վերսկսե՞լ մարտական գործողությունները, թե՞ ոչ։

Հատկապես 2016-ի ապրիլյան ձախողումից հետո նախագահ Ալիևի համար շատ բարդ է լինելու նման որոշում կայացնելը։ Մինչդեռ Արցախի հարավը զիջելով՝ մենք հարվածի տակ ենք դնում Սյունիքը, քանզի իրականանալի է դառնում Նախիջևանն Ադրբեջանին տարածականորեն կապելու թուրք-ադրբեջանական հեռահար նպատակը։

Այսինքն՝ տարածք ենք տալիս, շեշտակի թուլանում, և ստանում նոր պատերազմի հեռանկար։ Եվ ամենակարևորը՝ ոչ մի օտար, անգամ դաշնակցային խաղաղարար առաքելություն չի կարող փոխարինել անվտանգության իրական երաշխիք հանդիսացող տարածքին։ Վերջինիս չի կարող փոխարինել նաև մեկ ռազմաքաղաքական միավորման մեջ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ անդամակցությունը։ Ի դեպ, Բելառուսի նախագահը սխալվում է, երբ ասում է, թե «5 շրջանները» դատարկ են։ Արցախի Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավը, այսինքն՝ Արաքսի հովիտը, բնակեցված է։ Այստեղ տասնյակ շեն բնակավայրեր կան՝ քաղաքի կարգավիճակ ունեցող Կովսականն ու Միջնավանը, Մուշ, Վան, Ալաշկերտ, և շատ այլ համայնքներ Ողջի գետի ավազանում, Որոտան, Իշխանաձոր, Երիցվանք և տասնյակ այլ համայնքներ Որոտան գետի ավազանում։

Վերջին տարիներին հիմնվել է Արաքսաշեն համայնքը՝ Արցախ-Ադրբեջան սահմանին բավական մոտ։ Անշուշտ, այտեղ անելիք դեռ շատ կա։ Այս առումով հիրավի ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-Արցախ երրորդ ճանապարհի հիմնանորոգումը, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, և որն այժմ Արցախ-Ադրբեջան պետական սահմանից Արաքսի հովտով ձգվում-հասնում է մինչև ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնք։ Այս՝ հիրավի համազգային նշանակության ձեռնարկի մասին վերջերս հայտարարվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ բարերարների հանդիպումից հետո։

Ըստ այդմ՝ հայության ներուժը պետք է ուղղել այս կենսական կարևորության ձեռնարկը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար։ Եվս մեկ, ըստ իս՝ շատ արդիական նկատառում։

Արցախի շուրջ նախանշվող ռազմաքաղաքական զարգացումներում հայկական կողմերը պետք է օգտագործեն ապրիլյան քառօրյայի ռազմաքաղաքական ռեսուրսը։ Մասնավորապես՝ բազմիցս առիթ եմ ունեցել շեշտելու՝ 2016-ի ապրիլի 5-ին, ժամը 12։00-ին հրադադարի կնքումը հայկական կողմի մեծագույն զիջումն է իր հարձակողական ռեսուրսը սպառած, ձախողված ագրեսորին։

Ուստի, երբ խոսվում է «հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ փոխզիջումների» մասին, ապա մենք պետք է հստակ բարձրաձայնենք՝ մեր կողմից արդեն արված է լրջագույն զիջում, որն առայժմ մնում է անպատասխան։ Ցավով պետք է փաստեմ, որ 2016-ի ապրիլյան քառօրյայի թեման մեզանում վերածվել է ներքաղաքական պայքարում մրցակցին ցավոտ հարվածելու գործիքի։ Այն, որ ապրիլյանի թեմայի շահարկման հետևանքով հանրային ընկալումներում ձևավորել է քառօրյայի աղավաղված պատկեր՝ վտանգավոր իրողություն է։ Մասնավորապես՝ ապրիլյան քառօրյան իբրև ձախողում ներկայացնելը նշանակում է՝ ծայրահեղորեն չափազանցնել իրականության բացասական կողմերը։

Այո՛ ապրիլյան քառօրյայի արդյունքը չի կարելի որակել՝ որպես լիարժեք հաղթանակ։ Կարծում եմ՝ ճշգրիտ է հետևյալ գնահատականը՝ Արցախի Պաշտպանության բանակը կատարեց իր նվազագույն խնդիրն ու կասեցրեց ադրբեջանական ագրեսիան պետական սահմանին՝ դասակային խորությունում։ Այսինքն՝ հակառակորդին չի հաջողվել ճեղքել մեր պաշտպանությունն ու մխրճվել մեր տարածքի խորքը։ Այլ կերպ ասած՝ Արցախի ՊԲ-ն պահպանեց Արցախյան ազատամարտի ձեռքբերումները և վերահաստատեց Արցախի պետական սահմանը։ Ըստ այդմ՝ քառօրյա մարտերի արդյունքը տեղին է որակել՝ որպես նվազագույն ձեռքբերում։

Այո՛ հրադադարի կնքման պահին հակառակորդի ձեռքին մնացին մեր մի քանի հենակետեր։ Այո՛ դա ցավալի կորուստ էր։ Անշուշտ, այդ հենակետերը կարևոր էին մեր պաշտպանության անառիկության ապահովման համար։ Սակայն չի կարելի տրվել ծայրահեղության և այդ հենակետերի կորստի նշանակությունը չափազանցնել։ Ցանկացած պրոֆեսիոնալ զինվորական կփաստի, որ այդ հենակետերի կորուստը մարտավարական առավելություն չի տվել հակառակորդին։ Ասվածը, սակայն, բնավ չի նշանակում, թե պետք է համակերպվել այդ հենակետերի կորստի հետ։ Բնավ ո՛չ, ընդհակառակը։

Ավելին, հուսալի և քիչ թե շատ տևական խաղաղության գրավականն այն է, որ իր երրորդ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմը տարածք կորցնի։ Միայն այդ դեպքում Բաքվի ագրեսիվ ռազմամոլությունը տեղի կտա։ Ըստ այդմ՝ հարկավոր է ոչ թե ֆիքսվել միայն կորցրած հենակետերը վերադարձնելու գաղափարի վրա, այլ ռազմավարական, ապա նաև՝ մարտավարական հեռահարության հավակնոտ նպատակներ դնել հնարավոր երրորդ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու դեպքում։ Բայց մինչ այդ, կրկնում եմ, հարկավոր է դիվանագիտական շրջանառության մեջ դնել փաստարկն առ այն, որ հայկական կողմն արդեն մեծ զիջում է արել ձախողված Բաքվին՝ 2016-ի ապրիլի 5-ին հրադադար կնքելով։

– Պարոն Ջամալյան, Արցախում պաշտոնից ազատվեց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այս լուրը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, ավելին՝ դեռ լուրեր են շրջանառվում, որ այնտեղ դեռևս պաշտոնանկությունները կշարունակվեն: Ձեր կարծիքով՝ այս ամենն իշխանափոխության մասի՞ն է հուշում, եթե այդպես է, ապա ի՞նչ վտանգներ եք տեսնում;

– Արցախի հերոս գեներալների պաշտոնանկության մասին լուրերը, իրոք, տագնապահարույց էին, «հեղափոխության Արցախ հասնելու» ենթադրությունները՝ առավել ևս։ Ես առիթ ունեցել եմ ասելու և այժմ էլ կրկնում եմ՝ Արցախի հերոս գեներալները մեր պետականության հենարաններն են, վառ անհատականություններ, ովքեր ունակ են վտանգի պահին իրենց շուրջը համախմբելու ազգի սերուցքն ու առաջնորդելու դեպի մարտի դաշտ։ Եվ կարծես թե վատթարագույն կանխատեսումները չիրականացան, ու վերջին նշանակումները բխում են Պաշտպանության բանակում բնականոն կադրային շարժի տրամաբանությունից։

Եթե իսկապես այդպես է, ապա մտահոգության պատճառ չեմ տեսնում, առավել ևս, որ ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն իր գործի գիտակ, մարտական կենսագրության տեր և շատ պարկեշտ անձնավորություն է։ Իհարկե, պետք է արժանին մատուցել նաև Լևոն Մնացականյանին, ով մեծ վաստակ ունի թե՛ ՀՀ Զինված ուժերի, թե՛ Արցախի Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման գործում։

Զվարթ Խաչատրյան

Exit mobile version