տուն Քաղաքականություն Դատարանը որոշեց կալանավորել Արամ Հարությունյանին

Դատարանը որոշեց կալանավորել Արամ Հարությունյանին

2009
Արամ Հարությունյան

Դատարանը որոշեց կալանավորել Արամ Հարությունյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:

Երեկ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա պաշտպան Կարեն Հակոբյանի խոսքերով Հարությունյանը գտնվում է Հայաստանում:

Ըստ ՀՔԾ-ի` Արամ Հարությունյանը, ով 2007թ. հունիսի 8-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և ստացել է 14 մլն դոլար կաշառք հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար: Պաշտպանի փոխացմանբ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Քրեական գործը քննվել է շուրջ երեք տարուց ավել ժամանակահատվածով։ Այնպիսի անհեթեթ մեղադրանք է վերագրվում, որ դա ընդունելը անհնար է։ Այդ լիցենզիաները ոչ մեկին որևէ բանի համար պիտանի չեն եղել։ Լիցենզիաների նշանակությունը կայացել է ընդամենը նրանում, որ էդ լիցենզիաներով հնարավորություն է եղել կոնկրետ վայրում ինչ-որ հետազոտություն կատարել, դա չի տվել որևէ առավելություն հետագայում հանք շահագործելու, էդ հանքը արտոնյալ պայմաններով այլ սուբյեկտների համեմատ ձեռք բերելու։ Էդ պայմաններում, երբ որ մարդը պետք է ընդամենը ուսումնասիրություն կատարի ու իր հետազոտությունները ներկայացնի ընդհանուր երկրի երկրաբանական ֆոնդին, էդ պայմաններում ոչ մի տրամաբանություն չկա, որ նման ինչ-որ լիցենզիաների համար որևէ մեկը 14 միլիոն դոլար գումար վճարի», – ընդգծեց պաշտպանը։

Դեռ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է: Դա կաշառքի գործ է և դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից։ Անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ փաստաբանն ասաց․ – «Նման բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարությունները չեմ կարծում, որ բացասական իմաստով ազդեցություն չունենան քննության ընթացքի վրա»։

«Ազատության» հարցին՝ տեսնո՞ւմ է այստեղ քաղաքական ենթատեքստ, Կարեն Հակոբյանը պատասխանեց. – «Ես չեմ ուզում նման հայտարարություններ անել, եթե նման հայտարարություն կատարելու ցանկություն լինի, ինքս իմ վստահորդի համաձայնությամբ այդ հայտարարությունները կանեմ։ Ներկայումս, կարծում եմ, որ քննությունը կշարունակվի և նաև այս մեղադրանքն էլ կհերքվի, որովհետև իմ ասած էդ օբյեկտիվ փաստերը չեն կարող թույլ տալ, որ նման մեղադրանք ընդհանրապես գոյություն ունենա»։

Հարցին՝ եթե հիմնավոր չի մեղադրանքը, ինչո՞ւ պարոն Հարությունյանը չի ներկայանում, նա պատասխանեց. – «Մեղավորությունը ու անմեղությունը ապացուցելու խնդիրը իրավաբանների գործն է։ Իմ վստահորդը իր ցուցմունքները բազմիցս տվել է նախաքննության ընթացքում տարիներ շարունակ, և ընդհանրապես էս առումով մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ մեղադրանքը հերքենք»։

Փաստաբանը հաստատեց տեղեկությունը, որ ավելի վաղ Արամ Հարությունյանը փորձել է լքել երկիրը, բայց Զվարթնոց օդանավակայանում նրան չեն թույլատրել, ինչը փաստաբանը համարում է Հարությունյանի իրավունքների խախտում, քանի որ այդ ժամանակ դեռևս Հարությունյանին մեղադրանք առաջադրված չի եղել և նա հետախուզման մեջ չի գտնվել:

«Պարոն Հարությունյանը օրինական կարգով իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից», – ասաց փաստաբանը։

Արամ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են վիճարկել խափանման միջոց կալանք կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: